19 մարտի 2010 - 15:47 AMT
Փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում իրականացվող Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին: Ջրամբարի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին եւ նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին: Ներկայումս իրականացվել է աշխատանքների մոտ 80 տոկոսը: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք` նվազեցնելով նաեւ Սեւանա լճից այդ նպատակով ջրառի ծավալները: Ա. Գեւորգյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետներում, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: