19 մարտի 2010 - 15:53 AMT
Գալուստ Սահակյան. Թուրքիան ունի ոչ թե լուսավոր, այլ արյունոտ պատմություն
Հայաստանի հարաբերություններն աշխարհի երկրների հետ դրական են, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք մեզ վրա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, առաջին հերթին հայ ժողովրդի միջից պետք է վերացնել վախի սինդրոմը: «Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է երկրից վտարեն 100 հազար հայաստանցի անօրինական ներգաղթյալներին, հրաբխի ազդեցություն է ունեցել ժողովրդի մեջ»,- ասել է Սահակյանը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի ղեկավարությունն արժանի պատասխան է տվել այդ հայտարարությանը: «Այն, որ Էրդողանն ասում է, որ երկրի պատմությունն արեւի նման լուսավոր է, չի համապատասխանում իրականությանը, իրականում Թուրքիան արյունոտ պատմություն ունի»,- նշել է Գալուստ Սահակյանը: Նա նաեւ նշեց, որ եթե Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նա կշահի, քանի որ կմաքրի իր վրայից արյունոտ հետքերը:

Միաժամանակ անդրադանալով հայ-թուրքական հարաբերություններին` Սահակայնն ասաց, որ որքան էլ Թուրքիան այս գործընթացը կապի ղարաբաղյան հակամարտության կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, Հայաստանին դա չի վերաբերվում, քանի որ նա հստակ դիրքորոշում ունի այս հարցում: «Հայ-թուրքական գործընթացում մենք շուկայական առեւտուր չենք անի, քանի որ սրանք դիվանագիտական հարաբերություններ են եւ կապ չունեն որեւէ այլ հարցի հետ:

Մեկնաբանելով, այն, թե կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ի իր ելույթում «ցեղասպանություն» բառը, Սահակյանն ասաց. «Այդ օրը մեզ համար սուրբ է եւ պետք չէ դա կապել նրա հետ, թե կասի Օբաման «ցեղասպանություն», թե ոչ»: Նա նաեւ նշեց, որ Բարաք Օբաման գործելու է իր երկրի շահերից ելնելով:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` Սահակյանն ասաց, որ այն պետք է լուծվի մեկ փաթեթով: «Իսկ Մադրիդյան սկզբունքների համաձայն բանակցությունները քննարկվելու են այն բանից հետո, երբ կորոշվի ԼՂՀ կարգավիճակը»,- ասել է Սահակյանը, ավելացնելով, որ Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում: «ԼՂՀ կարգավիճակը չի կարող լինել ցածր այն կարգավիճակից, որը հիմա մենք ունենք»,- ասել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: