Էրդողանը հե՞տ է կանգնել

Էրդողանը հե՞տ է կանգնել PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներին արտաքսելու հնարավորության մասին իր խոսքերը խեղաթյուրվել են արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Ընդ որում, նա ընդգծել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել իր խոսքերի համար, որոնք սխալ են մեկնաբանվել:



«Դիմում եմ նրանց, ովքեր ցանկանում են խեղաթյուրել իմ խոսքերն ու խորհուրդ են տալիս ներողություն հայտնել. մենք շատ լավ գիտենք, թե ումից ներողություն խնդրենք»,- ընդգծել է Թուրքիայի կառավարության ղեկավարը` ելույթ ունենալով Անկարայում Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցության (AKP), որը նա գլխավորում է, գործիչների հետ հանդիպմանը: «Ես մեր հայ քաղաքացիների մասին չէի խոսում»,- ճշտել է Թուրքիայի վարչապետը` ավելացնելով, որ BBC-ին տված` Թուրքիայի բազմանշանակ արձագանքը առաջացրած հարցազրույցում խոսքը գնում էր Հայաստանի` Թուրքիայում գտնվող անօրինական քաղաքացիների մասին:



«Ի տարբերություն տեղական լրատվամիջոցների, արտասահմանյան մամուլում «անօրինական գտնվող» արտահայտությունը չի մատնանշվել: Մենք հայկական արմատներով մեր քաղաքացիների հետ ոչ մի խնդիր չունենք: Ավելին, մեր կառավարման ընթացքում մենք շատ լավ հարաբերություններ ենք ստեղծել նրանց հետ»,- ասել է Էրդողանը:



Թուրքիայի վարչապետը նաեւ կոչ է արել խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են բարդացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Դրա գինը կվճարենք ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր բարդացնում են գործընթացը»,- նախազգուշացրել է Թուրքիայի կառավարության ղեկավարը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:



Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---