19 մարտի 2010 - 17:36 AMT
Հրայր Կարապետյան. Թուրքիայի ձեռագիրը մինչ օրս չի փոխվել
«Թուրքիայից 100 հազար անօրինական հայ գաղթականների արտաքսման մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Թուրքիայի ձեռագիրը մինչ օրս չի փոխվել»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, թուրք բարձրաստիճան անձանց նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան դեռեւս թշնամական երկիր է մնում, եւ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում: