22 մարտի 2010 - 20:14 AMT
ՀՖՖ նախագահը հանդիպեց ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ
Մարտի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպում անցկացրեց Բարձրագույն եւ Առաջին խմբերը ներկայացնող ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՖՖ Գործկոմի անդամ Լեւոն Հասրաթյանը եւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը:

«Միկա» ակումբի մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը հանդիպման ժամանակ հանդես եկավ երկու առաջարկությամբ. առաջինը` առաջնության հանդիպումներն անցկացնել մեկ ընկերության կողմից արտադրված գնդակով, եւ երկրորդը` ոչ թե որակազրկել ֆուտբոլիստին վեց դեղին քարտ ստանալուց հետո, այլ թուլյատրել, որ մասնակցի հանդիպումներին` հետագայում զգուշացումներ ստանալու համար բոլոր տուգանքները թողնելով ուժի մեջ:

Մեկ ընկերության կողմից արտադրված գնդակով առաջնության հանդիպումները անցկացնելու առաջարկն ընդունվեց: Այդ հարցը կքննարկվի ՀՖՖ համապատասխան բաժնի կողմից, իսկ երկրորդը` մերժվեց:

«Շիրակ» ակումբի փոխնախագահ Անդրանիկ Ադամյանն առաջարկեց Գյումրու պատանեկան թիմերին տրամադրել Ախուրյանի մարզադաշտը, որպեսզի հնարավոր լինի կայուն վիճակում պահպանել Գյումրու «Քաղաքային» մարզադաշտի խոտածածքը:

Ռուբեն Հայրապետյանն ակումբների նախագահներին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել ակումբներում կարգապահության ամրապնդման վրա` հնարավորինս խուսափելով հատկապես մրցավարների հետ միջադեպերից, ինչպես նաեւ երկրպագուների հետ կանոնավորված աշխատանք տանել:

Այնուհետեւ ՀՖՖ նախագահը հանդիպեց տեսուչների եւ մրցավարների հետ, որոնք սպասարկելու են Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեսչական եւ մրցավարական գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: