23 մարտի 2010 - 13:59 AMT
Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության երեւանյան վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Ըստ նրա, տեղադրված ռումբի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 12:40-ին, որից հետո գործարկվեցին բոլոր համապատասխան ծառայությունները` Փրկարար ծառայությունը, ազգային անվտնագության ծառայությունը, ոստիկանությունը: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց, որ պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ սարք տեղադրված չէ, սակայն կոմիտեի աշխատակիցները կկարողանան զբաղեցնել իրենց աշխատատեղերը միայն 3 ժամից: Ինչպես նշել է Մուշեղ Ազարյանը, այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում ռումբի մասին հեռախոսազանգի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ինչով է պայմանավորված այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ահազանգ է ստացվում կոմիտեում տեղադրված ռումբի մասին (նման առաջին դեպքը տեղի ունեցավ փետրվարի 25-ին), Մուշեղ Ղազարյանը նշել է, որ պատճառը «որոշ մարդկանց հիմարությունն է»:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, կոմիտեին հարակից շենքերում վերականգնվել է մեքենաների ու հետիոտնի երթեւեկությունը: