23 մարտի 2010 - 16:38 AMT
LDP. Հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները սառեցված են: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Ջեմ Թոկերը: Ըստ նրա, Արձանագրությունների վավերացման հավանականությունը փոքր է, քանի որ Անկարան այնքան էլ հակված չէ դրան: «Թուրքիայի վարչապետի կողմից հայ-թուրքական գործընթացի շաղկապումը ղարաբաղյան կարգավորման հետ, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը Արձանագրությունների վերաբերյալ եւ վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւերն անհնարին դարձրեցին Արձանագրությունների վավերացումը»,-ասել է թուրք քաղաքական գործիչը: Այնուամենայնիվ, Թոկերը հայտարարել է, որ Արձանագրությունների հնարավոր ձախողումը չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցում: Ինքը քաղաքական գործիչը վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ չպետք փակ սահման լինի եւ կողմերը պետք է հաղթահարեն առկա կարծրատիպերը եւ նորմալ հարաբերություններ հաստատեն:

Մեկնաբանելով թիվ 252 բանաձեւի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում` LDP առաջնորդը վստահություն է հայտնել, որ այն չի անցնի ամբողջական քվեարկությունը Կոնգրեսում` հավելելով, որ նման բանաձեւերը չեն նպաստում հայ-թուրքական գործընթացին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանութանը` Ջեմ Թոկերն ասել է, որ ճանաչում է, որ 1915 թվականին «սարսափելի վայրագություններ» են կատարվել, սակայն նա դեռեւս ձեւավորված կարծիք չունի այն մասին, թե «արդյոք դա ցեղասպանություն էր»: Միեւնույն ժամանակ, թուրք քաղաքական գործիչն ասել է, որ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Ինչ վերաբերում է Անկարայի միջնորդության կարեւորությանը ղարաբաղյան հակամարտության մեջ, քաղաքական գործիչն ասել է, որ հայ-թուրքական հարաբերություների կարգավորման դեպքում, Թուրքիան ավելի շատ լծակներ կունենա ազդելու համար հակամարտության կողմերի վրա: «Չեմ բացառում, որ հայ-թուրքական կարգավորումից հետո, Թուրքիան կարող է որպես միջնորդ հանդես գալ հակամարտության կարգավորման գործում»,-ասել է Թոկերը:

Մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարությունը ապօրինի հայ ներգաղթյալներին վտարելու մասին, Թոկերն անընդունելի է համարել դա` նշելով, որ Թուրքիայում հայտարարությունը քննադատեցին գրեթե բոլորը, նույնիսկ իշխող շրջանակները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: