Շվեդիայի ոչ մի քաղաքական ուժ կասկածներ չունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ

Շվեդիայի ոչ մի քաղաքական ուժ կասկածներ չունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Շվեդիայում չկա ոչ մի քաղաքական ուժ, որը կակասծներ ունի Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Շվեդիայի Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Պետր Վեյդրուդը: «Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք դեմ էին հանդես գալիս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, որպես փաստարկ բերում էին այն, որ այժմ այնքան էլ հարմար ժամանակ չէ բանաձեւի ընդունման համար, եւ որ խորհրդարանն այն կառույցը չէ, որը պետք է որոշումներ կայացնի պատմական հարցերի շուրջ»,-ասել է շվեդ քաղաքական գործիչը: Ըստ նրա, շվեդական Ռիկսդագը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, հիմնվելով այն սկզբունքի վրա, որ կան բավականաչափ ապացույցներ եւ հետազոտություններ, որ վկայում են այն մասին, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն էին:

«Մենք հիանալի հասկանում էինք, որ այդ բանաձեւով մենք կարող ենք վնասել հայ-թուրքական հաշտեցմանը: Սակայն ցանկանում եմ ասել, որ խորհրդարանի այդ որոշումը ոչ թե սատարում է պատմության իրադարձությունների վերաբերյալ մի կողմի տեսակետին, այլ հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա: Հաշտեցման հասնելու համար հարկավոր է ճշմարտությունն ասել, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ ընդունված բանաձեւը կօգնի Հայաստանին ու Թուրքիային հաշտեցման հասնել»,-ասել է Պետր Վեյդրուդը` հավելելով, որ սոցիալ-ժողովրդավարական կուսակցության պատգամավորները, որը մեծամասնություն է կազմում Շվեդիայի խորհրդարանում, ուշադիր հետեւելու են, որ Սթոկհոլմի արտաքին քաղաքականությունը համահունչ լինի Հայոց ցեղասպանության բանաձեւին:

Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին` Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահը հայտարարել է, որ այդ հարցում Շվեդիան սկզբունքային դիրքորոշում ունի: «Մենք հանդես ենք գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին, սակայն, մենք նաեւ գտնում ենք, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի` պաշտպանելու համար ազգային փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության զարգացումը»,-ասել է քաղաքական գործիչը:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը հայ ներգաղթյալներին Թուրքիայից վտարելու մասին, Վեյդրուդն ասել է, որ իր այդ հայտարարությամբ Էրդողանը մեծ սխալ գործեց, եւ լավ է, որ այն իր խոսքերը ետ վերցրեց:

Մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---