24 մարտի 2010 - 18:20 AMT
Հայ հասարակայնությունը չի ուզում պայքարել կոռուպցիայի դեմ
Հայաստանում հարցման ենթարկված բնակչության 56 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան երկրի համար լուրջ հիմնախնդիր է: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը` Երեւանում տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող համաժողովի շրջանակներում:

Նրա խոսքերի համաձայն, հարցվածների 36 տոկոսը գտնում է, որ Հայաստանում կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է, 6 տոկոսը գտնում է, որ երկրում կոռուպցիայի խնդիրն այնքան էլ կարեւոր չէ, 1 տոկոսը համարում է, որ այդպիսի խնդիր ընդհանրապես չկա:

2009 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հարցման են ենթարկվել 1515 տնային տնտեսություններ, ինչպես նաեւ 2010 թ. սկզբին` 400 գործարար-առաջնորդներ:

Հեղինե Մանասյանն ասել է, որ երկու հետազոտությունների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ գործարար-առաջնորդների շրջանում ավելի շատ են տեղեկացված երկրի կառավարության իրականացվող հակակոռուպցիոն ծրագրի մասին, մասնավորապես, յուրաքանչյուր 2-րդ գործարարը բավականաչափ տեղեկացված է: Չնայած այս ամենին, Հայաստանում կոռումպացվածության մակարդակը մնում է նախկին մակարդակում, իսկ ամենակոռումպացվածը դատական համակարգն է, պետական սեկտորը, առողջապահության, կրթության եւ այլ բնագավառները:

«Հատկանշականն այն է, որ «կոռուպցիայի դեմ պայքարի համար դուք ինչ կանեիք» հարցին մեծամասնությունը պատասխանում է` ոչինչ, իսկ հարցվածների մյուս մասը պատասխանել է, որ ընդամենը ձեռնպահ կմնար կաշառք վերցնելուց», - ավելացրել է տնօրենը:

Մարտի 24-ին Երեւանում տեղի ունեցավ «Մասնավոր կորպորատիվ համակարգի ամրապնդում» թեմայով համաժողով, որը կազմակերպել էր USAID-ի Հակակոռուպցիոն գործունեության հավաքագրման ծրագիրը` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ USAID-ի «Հայաստանի մրցունակ մասնավոր սեկտորի» հետ համատեղ:

Դրանում մասնակցում են տեղական եւ արտասահմանյան ձեռնարկությունների, միջազգային բանկերի եւ առեւտրային գործակալությունների, ինչպես նաեւ կառավարության եւ քաղաքացիական միությունների ավելի քան 200 ներկայացուցիչներ: