25 մարտի 2010 - 11:51 AMT
Ամբեր շախմատային մրցաշար. Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթանակ է տարել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ
Ֆրանսիական Նիցցա քաղաքում մարտի 24-ին արագ աշխմատի եւ կույր շախմատի Ամբեր շախմատային մրցաշարում տեղի է ունեցել նախավերջին 10-րդ փուլը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղացել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ (Ռուսաստան): Արոնյանը հաղթանակ է տարել կույր շախմատի պարտիայում , իսկ արագ շախմատում ոչ ոքի խաղացել: Հանդիպումն ավարտվել է 1,5:0,5 հաշվով Արոնյանի օգտին:

10-րդ փուլից հետո Արոնյանը 9,5 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարի առաջնորդը 13,5 միավորով Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա):

Վերջին փուլում Արոնյանի մրցակիցն է լինելու Լենյեր Դոմինգեսը:

Արագ շախմատը (ռապիդ) շախմատային պարտիա է մտածելու ժամանակի սահմանափակմամբ (որպես կանոն, յուրաքանչյուր խաղացողին 15 րոպե):

Կույր շախմատը շախմատի տարբերակ է, որում խաղացողը խաղում է առանց խաղատախտակին նայելու, այսինքն` «կույր»: Եթե երկու խաղացողն էլ չեն նայում խաղատախտակին, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը տեղափոխում է ֆիգուրները եւ գրանցում քայլերը: