25 մարտի 2010 - 15:02 AMT
Ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը արտացոլված է Հելսինկյան եզրափակիչ ակտի 2-րդ հոդվածում
Պատճառահետեւանքային կապերը չափազանց կարեւոր են ղարաբաղյան հակամարտությունը հասկանալու եւ կարգավորելու համար: Այդ մասին «Ի՞նչ կիրառել` ուժ թե տրամաբանություն» հոդվածում «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Ըստ նրա, պետք է խորը «փորել» նաեւ պատերազմի արդյունքում առաջացած օկուպացիայի հարցում: Տարածքների գրավումը ռազմական գործողությունների շարունակման ուղղակի հետեւանքն է, ոչ թե` հակառակը: «Որքան շուտ Բաքուն հասունանա դրանք դադարեցնելու համար, այնքան քիչ կլինեին գրավումները: Եվ որքան շուտ կողմերը պարտավորվեն հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, այնքան շուտ կազատվեն այդ հողերը: Ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը արտացոլված է Հելսինկյան եզրափակիչ ակտի 2-րդ հոդվածում: Մասնավորապես, այն ասում է. «Ոչ մի դատողություն չի կարող օգտագործվել որպես ուժի սպառնալիքի կիրառման հիմնավորում»: Այնտեղ ասվում է, որ մասնակից պետությունները «ձեռնպահ կմնան իրենց փոխհարաբերություններում ուժի կիրառման ցանկացած գործողությունից: Ուժի եւ ուժի սպառնալիքի նման կիրառումը չի օգտագործվի որպես վեճերի կարգավորման միջոց...»: Այնպես որ եթե իրենց ուժային ռեվանշն են հասկանում որպես ռեպրեսալիաներ, ապա եզրափակիչ ակտը բացառել է նաեւ ուժի նման կիրառումը»,-ասել է ռուս դիվանագետը:

Նա հիշեցնում է, որ մարտի 21-ին անանուն աղբյուրը Ադրբեջանի կառավարությունում նոր մեկնաբանություն տվեց Երեւանի առաջարկին երկու տարբերակով, իբր պատասխան առաջարկներով, որոնք միանշանակ ի օգուտ Բաքվի են լուծում հարցը: «Աչքի է ընկնում Բաքվի ձգտումը` որքան հնարավոր է շուտ մարել ուժի չկիրառման մասին թեման: Սերժ Սարգսյանը շատ լուրջ թեմա արծարծեց` Ղարաբաղում կարգավորման, անվտանգության, պատերազմի ու խաղաղության հարցերը, որոնք թույլ են տալիս իրապես առաջընթաց գրանցել հակամարտության հանգուցալուծման գործում: Համաշխարհային հանրության համար, թերեւս, դա է ամենակարեւորը: Ազդեցիկ պետություններն ու միջազգային կազմակերպությունները համառորեն ընդգծում են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Ի դեպ, բոլորն են հիշում, որ Սահակաշվիլին հրաժարվեց նման համաձայնություններից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ եւ ինչով դա ավարտվեց: Նման առաջարկից չի կարլելի հրաժարվել շուտափույթ արված հայտարարությամբ կամ պատասխան առաջարկների տարափով: Թեման միանգամայն օրինաչափ է եւ հիմնավոր քննարկումներ կպահանջի»,-ասել է Կազիմիրովը:

Վլադիմիր Կազիմիրովը դեսպան է, Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ: 1992-96թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավարն էր, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի գծով: