25 մարտի 2010 - 17:56 AMT
Հայկ Դեմոյան. Իլհամ Ալիեւն որպես խաղամոլ կարող է վա-բանկ գնալ եւ պատերազմ սկսել
Իլհամ Ալիեւն որպես խաղամոլ կարող է վա -բանկ գնալ եւ պատերազմ սկսել, քանի որ նա այլ ռեսուրսներ չունի իշխանությունը պահելու համար: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` մեկնաբանելով պատերազմի հնարավորությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Ընդ որում Դեմոյանը նշել է, որ եթե նույնիսկ պատերազմ սկսվի, այն կարճատեւ կլինի, քանի որ անմիջապես կկասեցվի միջազգային հանրության կողմից, ինչպես դա արվեց 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ: «Իլհամ Ալիեւը պետք է գիտակցի, որ իր բանակն այսօր գտնվում է թուրք սպաների ազդեցության տակ, իսկ թուրք սպաների եւ գեներալիտետի ավանդույթի համաձայն զորքերը ցանկացած պահի կարող են տապալել իշխանությունը»,-ասել է Դեմոյանը` հավելելով, որ գտնվելով թուրքական գեներալիտետի ազդեցության տակ, ցանկացած դեպքում` հաղթի Ադրբեջանը պատերազմում թե պարտվի, գործող նախիջեւանյան կլանը կբախվի իշխանափոխության լուրջ եւ վտանգավոր խնդրի հետ, քանի որ նրա դիրքերը խախուտ են: «Պատերազմը գեներալների գործն է, ոչ թե քաղաքական գործիչների, հատկապես, ոչ Իլհամ Ալիեւի, որը պատերազմի ժամանակ հանգստանում էր Թուրքիայում»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: