25 մարտի 2010 - 18:20 AMT
Մարի Յովանովիչ. Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ԱՄՆ համար առաջնահերթ ուղղություն է
Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ կապերն ու հաղորդակցությունն անհրաժեշտ է հայ-թուրքական հաշտեցման համար: Այդ մասին Երեւանում հայ-թուրքական փորձագիտական քննարկումների ժամանակ հայտնեց GPoT (Global political trends center) թուրքական կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Միացյալ Նահանգների համար առաջնահերթ ուղղություն է: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական գործընթացն առայժմ մարտահրավեր է, սակայն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարեւոր դեր են խաղում հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացում: Երկու երկրների քաղաքական առաջնորդներն արդեն համարձակ քայլեր են կատարել այդ ուղղությամբ, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են օգնել նրանց` կատարելու մնացած քայլերը»,- ասաց Մարի Յովանովիչը:

Հայ-թուրքական փորձագիտական քննարկումները տեղի կունենան մարտի 25-ին եւ 26-ին Երեւանում: Այդ քննարկումները USAID կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասն են: Այդ նախագիծը նպատակ է հետապնդում կապեր հաստատել եւ զարգացնել փոխըմբռնումը հայ եւ թուրք ոչ կառավարական, լրատվական եւ գործարար օղակների ներկայացուցիչների միջեւ: