25 մարտի 2010 - 18:37 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արարատի մարզի սոցիալ-տնտեսական ծրագիրը
Մարտի 25-ին Արտաշատ քաղաքում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում հաստատվել է Արարատի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական ծրագիրը: Մարզի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, որի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր ծավալում 16,6 տոկոս է: Զարգացած է նաեւ արդյունաբերությունը, 10-ից ավելի խոշոր գործարարների արտադրանքը երկրի արդյունաբերության ծավալի 8 տոկոսն է: Այդ մասին վկայում է 2009թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ մարզպետ Վարդգես Հովակիմյանի` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացված հաշվետվությունը: Նա ներկայացրել է նաեւ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները:

Աղքատության մակարդակը միջին հանրապետականից 10 տոկոսով ցածր է: Չափազանց հետաքրքիր է, որ մարզում արտագնա աշխատանքի ցուցանիշը նույնպես ամենացածրն է: «Ընդհանուր առմամբ, այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարվոք է: Պատճառը երեւի նաեւ այն է, որ բնակչության 85 տոկոսը իր ապագան կապում է մարզի հետ եւ չի պատրաստվում փոխել բնակավայրը: Սա ամենաբարձր ցուցանիշն է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին եւ մարզպետին հանձնարարվել է, հաշվի առնելով առկա տնտեսական միտումները եւ ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունից, անհրաժեշտության դեպքում կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրում ճշտումներ կատարելու վերաբերյալ: