26 մարտի 2010 - 15:57 AMT
ՀՀ կառավարության կենսաթոշակները բարձրացնելու նախաձեռնությունը թույլ կտա ապահովել բնակչության գնողունակությունը
ՀՀ կառավարության կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու նախաձեռնությունը թույլ կտա ապահովել բնակչության, մասնավորապես, թոշակառուների գնողունակությունը: PanARMENIAN.Net-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ըստ նրա, այդ որոշումը վաղուց էր ակնկալվում, քանի որ բոլոր երկրներում սղաճի պատճառով տեղի է ունենում կենսաթոշակների եւ նպաստների ինդեքսացիա:

Մանասերյանը ձեռնպահ մնաց 2010թ. համար սղաճի կանխատեսումների վերաբերյալ մեկնբանություններից` նշելով, որ անհնար է կանխատեսել այդ ցուցանիշի վարքագիծը տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Հայաստանում բազային 8 հազար դրամ կենսաթոշակը կհասնի 10,5 հազար դրամի, իսկ նպաստի չափը 10 հազարից կհասնի 12,5 հազարի: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը Արտաշատում կայացած արտագնա նիստում:

Որոշումը, որը ուժի մեջ կմտնի համապատասխանաբար նոյեմբերի 1-ին եւ մայիսի 1-ին, ընդունվել է բնակչության անապահով շերտերին ֆինանսապես աջակցելու նպատակով` գազի սակագնի բարձրացման կապակցությամբ:

Ըստ Հայաստանի Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, սղաճը 2010թ. հունվար-փետրվարին կազմել է 2 տոկոս: