Ղազախստանն առաջարկում է Աստանայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ղազախստանն առաջարկում է Աստանայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - Ղազախստանն, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, առաջարկում է այս տարի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն Աստանայում: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը:

«Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Մադրիդյան սկզբունքների հիման վրա մենք ամեն կերպ կաջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ պատրաստ ենք Աստանայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-ասել է Կանատ Սաուդաբաեւը: Նա նշել է, որ Ղազախստանն ԵԱՀԿ-ում իր նախագահության օրոք բոլոր ջանքերը կգործադրի ԱՊՀ տարածքի հակամարտությունների կարգավորման դրական միտումներին նպաստելու համար:

2010 թվականի հունվարի 1-ից նախագահությունն ԵԱՀԿ-ում Հունաստանից անցել է Ղազախստանին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---