26 մարտի 2010 - 16:54 AMT
ՀԿԵՈւ-ն եւ «Վրացական երկաթուղին» մշակում են տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցներ
Մարտի 22-23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հանդիպումը` Շեւկեթ Շայդուլինի եւ Իրակլի Էզուգբայաի գլխավորությամբ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են բերռների եւ ուղեւորների հոսքին, տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաներին, հաղորդում է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ը մամլո ծառայությունը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կզբաղվի մարքեթինգային վերլուծությամբ եւ Վրաստանի ու Հայաստանի միջեւ բեռնահոսքի ավելացմանն ուղղված միջոցառումների մշակմամբ:

Խորհրդակցության գլխավոր թեման Երեւան-Բաթում-Երեւան սեզոնային հաղորդակցության կազմակերպումն էր: Կողմերը պայմանավորվել են նաեւ, որ Երեւան-Բաթում-Երեւան ուղեւորատար գնացքի տոմսերի 80 տոկոսի վաճառքը կիրականացնի «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն:

Առանձնակի ուշադրություն է դարձվել Երեւան-Թբիլիսի գնացքի երթեւեկության ժամանակի կրճատմանը:
Ընկերությունների ղեկավարները կարեւորեցին փորձի եւ տեղեկատվության փոխանակումը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:

ՀԿԵՈւ-ի միջպետական հաղորդակցությունում գոյություն ունի երկու երթուղի` Երեւան-Թբիլիսի-Բաթում, որը իրականացվում է ամառային շրջանում: Տեղական հաղորդակցությունում գործում են էլեկտրագնացքներ Վանաձոր-Այրում, Երեւան-Արաքս, Երեւան-երասխ, Երեւան-Արարատ, Երեւան-Գյումրի, Քանաքեռ-Հրազդան, Գյումրի-Պեմզաշեն ուղղություններով: