26 մարտի 2010 - 20:01 AMT
Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա

Որքան շատ է ձգձգվում ժամանակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, այնքան շատ Հայաստանի համար ոչ շահավետ տարբերակներ են շրջանառության մեջ դրվում: Այդ մասին լրագրողներին հաղորդեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

«Ղարաբաղյան հարցում Հայաստանում կան ուժեր, որոնք փոխզիջումների կողմնակիցն են, եւ կան ուժեր, որոնք ստատուս-քվոյի պահպանման կողմից են: Ես ստատուս-քվոյի պահպանման մեջ հեռանկար չեմ տեսնում, հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա»,- ասաց քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով, ժամանակի ընթացqում բանակցությունների սեղանին Հայաստանի համար ոչ շահավետ տարբերակներ են շրջանառության մեջ դրվելու, քանի որ մի շարք պատճառներով ստատուս-քվոն չի կարող պահպանվել: «Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսություններն անհամաչափ են զարգանում, ընդ որում` հօգուտ Ադրբեջանի: Աճում է այն միջազգային կազմակերպությունների քանակը, որոնք ընդունում են բանաձեւեր, որոնցում հստակ կերպով արձանագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսօր ստեղծված իրադրության համար մենք «պարտական» ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարությանը: Արդյունքում մենք Ադրբեջանի հետ անհամաչափ զարգացում ունենք, իշխանության թույլ որակ եւ հակամարտության կարգավորման անշահավետ պայմաններ»,- ասաց Սուրենյանցը:

Սուրենյանցը գտնում է նաեւ, որ Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող շրջանների մի մասը հարկավոր է զիջել Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ հայերի ազգային նույնության պահպանման համար: «Բոլոր ազատագրված տարածքները չեն կարող պահպանվել, սակայն Ղարաբաղը պարտադիր պետք է սահմանակցի Հայաստանի հետ»,- ավելացրեց նա: