26 մարտի 2010 - 20:10 AMT
Սուրեն Սուրենյանց. «Հայաստանի ԱԺ-ն պետք է անմիջապես վավերացնի արձանագրությունները»

Հայաստանը կարող է հօգուտ իրեն դուրս գալ ստեղծված իրավիճակից, եթե խորհրդարանն անհապաղ, չսպասելով Թուրքիայի քայլերին, վավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, գտնում է Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

«Դրանից հետո Հայաստանի խորհրդարանը պետք է Թուրքիային երեք ամիս ժամանակ տա` արձանագրությունները վավերացնելու համար: Հակառակ դեպքում հայտարարել, որ գործընթացը դադարեցվում է: Ես խորապես համոզված եմ, որ սա այն քայլն է, որը կփրկի գործընթացը, եւ դա ավելի շահավետ է Հայաստանի համար, քանի որ Թուրքիային կզրկի մանեւրելու հնարավորությունից», - ասել է նա: Բացի այդ, Սուրենյանցի կարծիքով, այդպիսով Հայաստանը ցույց կտա, որ իրոք վարում է կառուցողական արտաքին քաղաքականություն:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները իրավիճակը սրելով` ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի խորհրդարանը առաջինը չվավերացնի արձանագրությունները: «Այս ամենով հանդերձ, ես չեմ գտնում, որ այս գործընթացի մասին կարելի է անցյալ ժամանակով խոսել, այն դեռ շարունակվելու է», - ավելացրել է Սուրենյանցը: