27 մարտի 2010 - 11:35 AMT
ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները
Մարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը եւ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Անտվերպենի «Լեսսիուս» համալսարանական քոլեջում: Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելության ղեկավարն անդրադարձավ ՀԱՊԿ-ին անդամակցությանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին:

Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, ԼՂ ժողովրդի դեմ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային եւ դրա հետեւանքներին, հիմնախնդրի կարգավորման ջանքերին:

Հյուսիսատլանտյան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես նաեւ այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: