27 մարտի 2010 - 13:27 AMT
Պոլսահայերին տխրեցրել է Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե երկրից կարող են վտարվել շուրջ 100 հազար ապօրինի ներգաղթյալ հայեր, մեծ արձագանք է ստացել պոլսահայերի շրջանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչ, հայ-թուրքական «Ակոս» թերթի հիմնադիրներից մեկը` Աննա Թուրայը, Էրդողանի այդ հայտարարությունը շատ տխրեցրեց տեղի հայերին: «Այդ վիճակից շատ ազդվեցինք: Մարդկանց խիղճն արթնացավ, տեսանք, թե հայաստանցիներն ինչ վատ վիճակում են ապրում: Թերթերը մեծ արձագանք տվեցին, հայերից հարցազրույց վերցրին: Նրանց վիճակը սարսափելի է` 20 հոգով մեկ սենյակում են ապրում, զավակները կրթություն չեն ստանում: Պոլսահայերը ծանոթ են Ստամբուլ եկած հայերի խնդիրներին: Թեեւ շատ տխուր է, որ հարաբերությունները չեն ստացվում, բայց նույնիսկ այդ պարագայում մարդկանց խիղճը արթնացավ»,-ասել է Աննա Թուրայը:

Ըստ PanARMENIAN.Net-ի թղթակցի զրուցակցի, Հայաստանից եկածները համայնքի սոցիալական, մշակութային կյանքին չեն մասնակցում: «Նրանք հեռացած են համայնքից: Սոցիալական, հոգեբանական խնդիրները շատ են: Նրանք գալիս են աշխատելու համար: Ստամբուլում թուրքերի տանը մաքրություն են անում, երեխաներին պահում: Հավասար վիճակում չենք եւ հարաբերությունների վրա դա մեծ ազդեցություն է թողնում: Եթե նույն մթնոլորտում չենք, հավասար դիրքերից չենք խոսում, դժվար է հարաբերություն հաստատել»,-ասել է Աննա Թուրայը: