27 մարտի 2010 - 13:26 AMT
Յան Գիլան. Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է
«Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է: Դա ոչ մի կերպ կապված չէ կրոնի հետ: Եթե ես ծնված լինեի Մեքքայում, ապա, համոզված եմ, կաթոլիկ չէի դառնա: Ուղղակի դուք` հայերդ, ինձ դուր եք գալիս»,- ասել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ռոքի լեգենդ Յան Գիլանը (Deep Purple) մարտի 27-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

Գիլանի համերգներից առաջինը Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին դիրիժոր Ֆրիդման Ռիելի ղեկավարությամբ մեծ հաջողությամբ տեղի ունեցավ մարտի 26-ին Երեւանում, կասկած չկա, որ մարտի 27-ին կայանալիք երկրորդ համերգը նույն հաջողությունը կունենա:

«Ռոք երաժշտություն նվագելու փորձ չունեցող նվագախումբը հանդես եկավ պրոֆեսիոնալ մակարդակով, եւ ինձ զարմացրեց, որ երաժիշտները գիտեին այն ամենը, ինչ երգում էինք»,- ասել է Յան Գիլանը: Նրա խոսքերով, երեւանյան համերգի հիման վրա թողարկվելու է DVD եւ ներկայացվելու է միջազգային շուկայում:

Այս համերգների կազմակերպիչները` «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը եւ «Do Something» ավստրալական կազմակերպության ղեկավար, «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ Ջոն Դին հայտնեցին, որ Գերմանիայում թողարկվելու է «Smoke on the Water» սինգլը եւ հանվելու է միջազգային շուկա:

«Թողարկվելու է 20 տարի առաջ ձայնագրված «Smoke on the Water» սինգլի DVD-ի տարբերակը Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար, որի ձայնագրությունը գտել ենք ճապոնական արխիվներում»,- ասել է Ջոն Դին:

Մամլո ասուլիսին ներկա «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց. «Մենք պատիվ ենք համարում այս նախագծին մասնակցություն ունենալու համար: Շատ կուզեինք, որպեսզի շատ ընկերությունները նման կերպ մասնակցեին Հայաստանի զարգացմանը»:

Յան Գիլանի համերգների ողջ հասույթն ուղորդվելու է Գյումրի քաղաքի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Յան Գիլանի երկու համերգների հովանավորն է: Համերգների գործընկերն է bmi ավիաընկերությունը: