Փարիզի եւ Միլանի նորաձեւ միտումները Հայաստան են հասնում 6 սեզոն հետո, գտնում է իմիջմեյքերը

PanARMENIAN.Net - «Հայաստանում հատկապես աղջիկները հագնվում են` հաշվի չառնելով էթիկետի պահանջները: Նրանք խառնում են ամենօրյա եւ երեկոյան շպարը, սանրվածքն ու հագուստը»,- մարտի 27-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց իմիջ-խորհրդատու, Մոսկվայում «Նորաձեւության շաբաթ» նախագծի մասնակից, իմիջմեյքերների ակումբի անդամ Սոֆյա Նավասարդյանը: Նրա խոսքով, ամենօրյա կյանքում, աշխատավայրում ավելի լավ է գերապատվությունը տալ քաղաքային ոճին` դասականի հիման վրա` ավելացնելով այլ ոճի զանազան տարրեր եւ աքսեսուարներ:



«Աշխատավայրում ավելի լավ է խուսափել երեկոյան հագուստներից եւ սանրվածքներից: Այստեղ գերադասելի է դասական ոճ պահպանել` օգտագործելով այս կամ այն կազմակերպության դրես-կոդում նշված գույները` կախված մարդու գործունեության տեսակից: Շատ կարեւոր են խնամված ձեռքերն ու մազերը»,- նշեց Սոֆյա Նավասարդյանը` ավելացնելով, որ, օրինակ, լրագրողներն իրենց աշխատանքում կարող են օգտագործել սպորտային, քաղաքային, ինչպես նաեւ միլիթարի եւ սաֆարի ոճերը, որոնք շատ ակտուալ են այս սեզոն: «Ընդհանրապես, տղամարդկանց համար առավել գրավիչ են այն կանայք, որոնք անփութության իմիջ են ստեղծում, բայց միեւնույն ժամանակ շատ խնամված են»,- ընդգծեց իմիջմեյքերների ակումբի անդամը:



Նա նշեց նաեւ, որ Փարիզի եւ Միլանի նորաձեւ միտումները Հայաստան են հասնում 6 սեզոն հետո, իսկ Ռուսաստան` 3: «Իհարկե, ամենանորաձեւ աքսեսուարները կարող են միանգամից հասնել մեզ, բայց ընդհանուր առմամբ միտումները շատ ուշ են հասնում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Սոֆյա Նավասարդյանը:



«Ես չէի ցանկանա առանձնացնել հայ կանանց, սակայն մենք ունենք հատկություններ, որոնք մեզ առանձնացնում են մնացածներից. մենք ավելի ուշադիր ենք, հոգատար: Մեզ մոտ ավելի զարգացած է մայրական բնազդը, ինչը եւ հարկավոր է ընդգծել հագուստի ու սանրվածքի օգնությամբ»,- ավելացրեց նա:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---