29 մարտի 2010 - 14:37 AMT
ԼՂՀ-ի` իրապես կայացած պետություն լինելը եւ արդեն 19 տարվա պատմություն ունեցող անկախությունը լի ու լի բավարար են գործընթացի անդառնալիությունը հասկանալու համար
ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարել է գոյություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուց դեռ մեկ տարի առաջ: Այդ մասին ասվում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հաղորդագրության մեջ: «Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակցել է եւ Այազ Մութալիբովի, եւ Աբուլֆազ Էլչիբեյի, եւ Հեյդար Ալիեւի հետ: Ավելին. միեւնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի եւ Վ. Գուլուզադեի միջեւ (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները շարունակվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո, խնդրո առարկա հարցի համատեքստում այն կարեւոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ եւ բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, ամենանշանակալի փաստաթուղթը, որ ընդունվել է ԼՂՀ մասնակցությամբ` 1994 թվականի մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագիրն է, որի տակ դրված է ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը: Այդ ստորագրությունը ղարաբաղյան կողմի առաջադրված պարտադիր պայմանն էր` կրակը դադարեցնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Սրանք հանրահայտ պատմական փաստեր են: Բանակցային գործընթացի, Քոչարյանի «սխալների» եւ դրանք «հանճարեղ» կերպով ուղղելու մասին զավզակելուց առաջ հարկավոր էր լավագույնս ուսումնասիրել հարցը: Առաջին հերթին ասածս վերաբերում է կուսակցական գործիչներին: Այժմ երկու խոսքով կարգավորման գործընթացում ԼՂՀ ներգրավվածության մասին: Առաջին հերթին պետք է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում կարգավորման գործընթացը որպես այդպիսին:

1. Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունն է: Նրանց այցերը տարածաշրջան, ՀՀ, ԼՂՀ եւ ԱՀ նախագահների հետ հանդիպումները եւ կարգավորման հարցերի քննարկումը նրանց հետ, մոտեցումների համաձայնեցումը, առաջարկների պատրաստումը եւ այլն: Այսինքն, բոլորի կողմից ընդունելի լուծումներ գտնելուն ուղղված ջանքեր` հակամարտության երեք փաստացի կողմերի ընկալումների համատեքստում:

2. Դա ՀՀ եւ ԱՀ նախագահների, ինչպես նաեւ նրանց հանձնարարությամբ` արտգործնախարարների հանդիպումների ձեւաչափն է: Ի դեպ, տարօրինակ կլիներ, եթե համանախագահները չփորձեին օգտագործել միջազգային ֆորումները նման հանդիպումներ կազմակերպելու համար, եթե կողմերը դրանց այսպես թե այնպես մասնակցում են:

3. Դա զինադադարի ռեժիմի մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ առաքելությունն է, որն իրականացվում է Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում:

Այդպիսով, կարգավորման փաստացի գործընթացը մշտապես ընթանում է երեք հարթություններում. երկու բանակցային գործընթացների եւ մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերի: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումների ձեւաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանում է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: Եվ դա լավ հայտնի է բոլորին: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, ով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ ունի, կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձեւաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաեւ ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Փաստորեն, կիրառվում է միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող անուղղակի բանակցությունների միջոցը: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեեւ ոչ լիարժեք ձեւով: Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ եւ լիարժեք մասնակցությանը. ակնհայտ է, որ ՀՀ երեք նախագահներն էլ ձգտել են դրան: Լավագույնը կլիներ ԼՂՀ եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձեւաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը եւ նպատակին հասնելու մեծ ներուժ կպարունակեր: Հասկանալի է, որ Ադրբեջանը շեշտադրում է հենց Հայաստանի հետ բանակցելու փաստը` հիմնավորելու համար կարգավորման իր մոտեցումը տարածքային ամբողջականության շրջանակներում: Բաքուն ասում է, թե քանի որ սա Հայաստանի կողմից տարածքային նկրտումներ են` նրա հետ էլ բանակցում ենք: ԼՂՀ-ի հետ բանակցություններ վարելու պարագայում նրանք ինքնորոշման սկզբունքի ամրապնդման սպառնալիք են տեսնում համաշխարհային հանրության ընկալումներում` հակամարտության էության վերաբերյալ: Գուցե հակամարտության սկզբում դա իրոք կարող էր նշանակություն ունենալ: Վստահ եմ, որ այսօր Ադրբեջանում իներցիոն կերպով եւ միջազգային սկբունքների կիրառման ընտրելիության համատեքստում գերագնահատվում է բանակցային ձեւաչափի նշանակությունը: Այսօր բոլորն էլ հասկանում են, որ գնացքը, ինչպես ասում են, վաղուց գնացել է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` իրապես կայացած պետություն (թեկուզ եւ չճանաչված) լինելը եւ արդեն 19 տարվա պատմություն ունեցող անկախությունը լի ու լի բավարար են գործընթացի անդառնալիությունը հասկանալու համար: Ավելի խելամիտ կլինի բանակցություններ վարել իրական արդյունք ստանալուն ուղղված ձեւաչափերով»,-ասվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավարի հաղորդագրության մեջ: