29 մարտի 2010 - 16:21 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Չի բացառվում, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը
Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հղած իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառեզրը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Շատ բան կախված է Թուրքիայի վարքագծից, եթե ԱՄՆ-ն գոհ լինի նրանից, Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը, հակառակ դեպքում` գուցե եւ արտասանի»,-ասել է Սաֆրաստյանը: Ըստ նրա, ԱՄՆ-ն նախորդ տարիների համեմատ ավելի է մոտեցել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, լինի դա Կոնգրեսի կողմից, թե ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձում: «Այդ մասին է վկայում նաեւ այն, որ նախագահի վարչակազմը չմիջամտեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունմանը»,-ասել է Սաֆրաստյանը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: