29 մարտի 2010 - 19:24 AMT
Էրդողանը կրկին սպառնում է Թուրքիայի ապօրին ներգաղթած հայերին
«Եթե հայկական սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, ապա մենք ստիպված կլինենք օրակարգ ներմուծել Թուրքիայում բնակվող ապօրինի ներգաղթյալ հայերի աքսորման հարցը»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ինչպես գրում է Der Spiegel ամսագիրը, Էրդողանը լրագրողներին կոչ է արել ավելի ուշադիր լինել «ցեղասպանություն» բառը կիրառելիս: «Նախքան «ցեղասպանություն» արտասանելը լրագրողը պետք է ավելի լավ ծանոթանա իրադարձություններին: Հայերի դեմ որեւէ ցեղասպանության մասին խոսք անգամ չի կարող լինել: Ցեղասպանությունը իրավաբանական տերմին է»:

Դրա հետ մեկտեղ Թուրքիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անօրինական գաղթականների խնդիրը ողջ աշխարհի խնդիրն է, եւ իրեն զարմացրեց աշխարհի արձագանքն այդ հարցի առնչությամբ Թուրքիայի ելույթին. «Արդեն քանի տարի է, ինչ մենք հանդուրժում ենք անօրինական հայ գաղթականների ներկայությունը Թուրքիայում: Բայց դա չի նշանակում, որ նման իրադրությունը հավերժ շարունակվելու է: Ամբողջ աշխարհը բացեիբաց քննարկում է անօրինական գաղթականների հարցը»,- ասել է նա` ավելացնելոցվ, որ չի հասկանում, թե ինչու է այդ առիթով Թուրքիայի հայտարարությունը բոլորին անհանգստացնում: