29 մարտի 2010 - 20:45 AMT
Հայ սամբիստներն ավարտեցին իրենց ելույթները «Ա.Խառլամպիեւի հուշամրցաշարում»
Մարտի 25-ից 27-ը Մոսկվայում տեղի ունեցավ մարզական եւ մարտական սամբոյի տղամարդկանց եւ կանանց «Ա.Խառլամպիեւի հուշամրցաշար» աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին 4 մարզիկ: Հուշամրցաշարի հանդիպումները դատող 37 մրցավարից 30-ը Ռուսաստանից էին, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը վիճակահանությամբ բաց թողեց մրցումների առաջին շրջանը, իսկ երկրորդում հանդիպելով Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոնուհի Զինայիդա Բորիսովայի հետ գոտեմարտը տանուլ տվեց: Վերջինս դարձավ մրցաշարի հաղթող, իսկ հայ մարզուհին եւս երեք հոգու հետ բաժանեց 5-ից 8-րդ տեղերը:

68 կգ քաշային, մարտական սամբոյի մրցումներում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը նույնպես բաց թողեց առաջին շրջանը, երկրորդում` գոտեմարտեց ռուսաստանցի Իվան Լապինի հետ ու հաղթանակ տարավ: Կիսաեզրափակչի հանդիպումը հայ մարզիկի համար հաջող էր ընթանում` մեկ միավորով առաջ էր, սակայն գոտեմարտի ավարտից 20 վրկ առաջ Վաչիկը անուշադրության պատճառով սխալ թույլ տվեց եւ արդյունքում պարտվեց ռուսաստանցի Մուրադ Մաչաեւին: Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ մարզիկը պարտվեց Իվան Դավիդենկովին (ՌԴ) եւ գրավեց չորրորդ տեղը:

Մարզական սամբոյի մրցումներում տպավորիչ էին 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանի ելույթները: Նա նախ հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցչին, ապա ռուսաստանցի Ալեքսեյ Շաբուրովին, ով այս քաշային կարգում համարվում էր առաջատարը: Հայ մարզիկի երրորդ մրցակիցը նույնպես Ռուսաստանից էր` Վլադիմիր Միլիշկովը, ում էլ մրցավարները հաղթող ճանաչեցին:

90 կգ քաշային կարգում անհաջող էր Արմեն Իսպիրյանի ելույթը: Նա պարտվեց Ռուսաստանի Արմավիր քաղաքը ներկայացնող Էդվարդ Կուրղինյանին: Հայ մարզիկը զբաղեցրեց 2-րդ տեղը: Հայուհի կար նաեւ կանանց մրցումներում` ռուսաստանցի Սուսաննա Միրզոյանը (52 կգ), ով գրավեց առաջին տեղը:

Սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում կայանալիք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին ՀՀ ներկայացնող մարզիկների քանակը դեռեւս ճշտված չէ, շատ բան կախված է ֆինանսական միջոցներից: