30 մարտի 2010 - 15:46 AMT
Բարոնուհի Քիննոք. Ես չեմ ժխտում Հայոց ցեղասպանության փաստը
«Ես չեմ ժխտում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն թագուհու կառավարությունը ճիշտ չի համարում ապրիլի 24-ին իր ներկայացուցչին Քարդիֆում գտնվող Հայոց ցեղասպանության համալիր ուղարկելը, որովհետեւ դա կնշանակի ողբերգության անուղղակի ճանաչում»,- Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «1915-1917թթ. իրադարձությունները Հայաստանում» լսումների ժամանակ հայտարարել է կառավարության ներկայացուցիչ բարոնուհի Քիննոքը: Նրա խոսքերով, բրիտանական կառավարությունը խորապես ցավում է հարյուր հազարավոր հայերի մահվան համար, որոնք դարասկզբին սպանվել են Օսմանյան կայսրությունում կամ մահացել են սովից եւ հիվանդություններից: «Մենք կարծում ենք, որ այդպիսի տանջանքների զոհերին պետք չէ մոռանալ»,- ասել է նա:

Բարոնուհին հիշեցրեց, որ էթնիկ հայերի եւ բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների ճակատագիրը, այդ թվում ասորիների, քննարկվել է 1915-ի հոկտեմբերի 21-ի կառավարության նիստի ժամանակ: Նա կրկնեց լորդ Ռոբերտ Սեսսիլի խոսքերն այն մասին, որ համաշխարհային պատմության մեջ ավելի սարսափելի հանցագործություն չի եղել: «Այդ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Ավելին, դա նպատակաուղղված քաղաքականության մաս է...Թուրքիայում հայերին ոչնչացնելու համար: Այն իրականացվել է համակարգված ձեւով: Այս հանցագործությունը կանխամտածված էր եւ նպատակ ուներ ոչ թե ճնշել հայերի ենթադրյալ ապստամբությունը կայսրության դեմ, այլ ոչնչացնել ազգությունը»,- 1915թ. ասել է լորդ Սեսսիլը: