30 մարտի 2010 - 20:04 AMT
Աշխարհի 20 գիտնականներ գնահատել են հայերի դերը արաբական աշխարհի տնտեսության մեջ
Մարտի 29-30-ը Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել երրորդ միջազգային համաժողովը՝"Հայերի դերը արաբական աշխարհի տնտեսության մեջ" թեմայով, որը հովանավորում էր Կահիրեի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելը։

Համաժողովի մասնակիցներին ողջունել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, բանասիրության ֆակուլտետի դեկան Զեն ալ-Աբիդին Աբու Խադրան եւ կենտրոնի տնօրեն Զեյնաբ Աբու Սիննան, որոնք բարձր են գնահատել կենտրոնի ծավալած աշխատանքը հայ-արաբական գիտակրթական եւ մշակութային համագործակցության զարգացման գործում։Նաեւ ընթերցվել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Լիբանանի արդյունաբերության նախարար Աբրահամ Դեդեյանի ողջույնի ուղերձները։

Ինչպես ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրությունում. «Համաժողովին մասնակցել են եգիպտացի, ինչպես նաեւ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից եւ ԱՄՆ-ից ժամանած թվով մոտ երկու տասնյակ գիտնականներ, որոնց զեկուցումները նվիրված էին պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ-արաբական տնտեսական առնչություններին եւ հարաբերություններին։

Բանախոսները բարձր են գնահատել դարերի ընթացքում հայերի ունեցած բացառիկ դերը՝ Մերձավոր Արեւելքում առեւտրի եւ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ործում։Կենտրոնի կողմից որոշում է կայացվել համաժողովի նյութերը տպագրել առանձին պրակով»։