17 մարտի 2010 - 13:16 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Դեսպան Նամիկ Թանը կվերադառնա, եթե Կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

Թուրքիան ԱՄՆ-ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Այդ մասին գրում է թուրքական Taraf թերթը` մեջբերելով անանուն աղբյուրին: «Անկարային գրավոր երաշխիք է պետք այն համոզմամբ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունած 252 բանաձեւը չի մտնելու Կոնգրեսի օրակարգ: Միայն այդ դեպքում դեսպանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը մարտի 4-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո ետ էր կանչվել Անկարա:

Անկարան որոշում է կայացրել Ստոկհոլմ վերադարձնել Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգուն Կորուտուրկին, որը նույնպես ետ էր կանչվել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո: