17 մարտի 2010 - 13:46 AMT
Շիրակ Թորոսյան. Սամցխե-Ջավախեթում չի հաջողվի կրկնել Նախիջեւանի հայերի պատմությունը

Սամցխե-Ջավախեթի շրջանում հայ ակտիվիստների հետապնդումը նոր թափ է ստանում: Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարեց, որ դա կապված է շրջանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով: Նրա խոսքերով, հայ ակտիվիստներին հարցաքննության են ենթարկում շրջանային ոստիկանության բաժանմունքում առանց որեւէ պատճառի:

«Վրացական իշխանությունները շարունակում են խտրականություն կիրառել Սամցխե-Ջավախեթի հայ բնակչության նկատմամբ: Նրանք օգտագործում են Հայաստանի հաղորդակացական կախվածությունը եւ ուժեղացնում ճնշումը երկրի հայ բնակչության վրա: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եղբայրական հարաբերությունների մասին հայտարարությունները ձեւական բնույթ են կրում, քանի որ Վրաստանի իշխանությունները տրամադրված են երկրի հայկական փոքրամասնության դեմ»,- ասել է Թորոսյանը: Նրա խոսքերով, «ջայլամի քաղաքականությունը» պաշտոնական Երեւանին եւ Թբիլիսիին հանգեցրել են նրան, որ Ջավախքի հայերն արդեն ինքնավարության գաղափար չեն առաջադրում: «Ջավախքի հայերի խնդիրը ինչ-որ ժամանակ կպայթի: Բայց մենք թույլ չենք տա, որպեսզի Ջավախքն արժանանա Նախիջեւանի ճակատագրին, որտեղ չի մնացել ոչ մի հայ»,- ասել է Շիրակ Թորոսյանը:

Նա հատուկ ընդգծեց, որ այդ տարածաշրջանի հայ բնակչության վիճակը համահայկական խնդիր է եւ հենց այդ պատճառով Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության նորաստեղծ Համակորգող խորհուրդը կենտորնացրել է իր ուշադրությունը սփյուռքի հայկական կազմակերպությունների եւ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքին:

«Խորհուրդը նոր ձեւ է մշակել Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության ռազմավարությունում, եւ այժմ մենք ակտիվ կերպով համագործակցելու ենք աշխարհի հայկական կազմակերպությունների հետ, որոնք լոբբիացնելու են Ջավախքի հայերի շահերը»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Գնահատելով ԱՄՆ Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների զեկույցը, Թորոսյանը հայտարարեց, որ Վրաստանում մարդու իրավունքների հարցի վերաբերյալ զեկույցում շատ սխալներ կան: Բացի դրանից, պատգամավորի խոսքերով, զեկույցում պետդեպարտամենտը սահմանափակվել է միայն Ջավախքի հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ձերբակալմամբ:

Մեկանաբանելով «Վերին Լարս» ՀԱԿ բացումը` նա նշեց, որ դրա աշխատանքների վերականգնումը ձեռնտու է առաջին հերթին Վրաստանի համար, քանի որ դա մեկնարկ է հանդիսացել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար: