17 մարտի 2010 - 16:11 AMT
Հայ-վրացական տնտեսական համաժողովը տեղի կունենա ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը, Թբիլիսիում

Ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը Թբիլիսիում տեղի կունենա հայ-վրացական միջազգային տնտեսական համաժողով` «Համատեղ ուժերով ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնում» թեմայով: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտադրողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքերի համաձայն, միությունն արդեն սկսել է աշխատել Վրաստանի գործատուների եւ բանկերի ընկերակցությունների հետ: «Միջազգային նմանատիպ առաջին համաժողովը կդառնա մեր շուկաների ինտեգրացման առաջին քայլը: Հետագայում մենք կհասնենք տնտեսական այնպիսի արդյունքների, երբ Վրաստանն ու Հայաստանը համատեղ հանդես կգան որպես տարածաշրջանային տնտեսական միավոր` արտասահմանյան խոշորագույն ներդրողների եւ տրանսազգային ընկերությունների համար», - ասել է նա: Հայաստանի արտադրողների եւ ձեռնարկատերերի միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն ավելացրել է, որ միությունը ակտիվորեն մասնակցել է նաեւ հայ-վրացական համագործակցությանը վերաբերող բանավեճին, որը տեղի է ունեցել Եվրասիական հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցել են Վրաստանի 14 ներկայացուցիչներ: Խոսելով Վրաստանի հետ ապրանքնափոխանակության մասին, Մակարյանն նշել է, որ 2009 թ. արտահանումների մեջ գերազանցում էր ցեմենտը` 35 մլն դոլար, եւ սուրճը` 12 մլն. դոլար:

Միության գործադիր տնօրենի խոսքերի համաձայն, վրացական շուկայում շատ հայկական ապրանքներ պահանջարկ ունեն, օրինակ` մսամթերքը, կաթնամթերքի մի քանի տեսակներ, մրգերն ու բանջարեղենը, պահածոները, սուրճը, հյութերը, ալկոհոլային խմիչքները եւ այլն: Այս ամենից բացի, սկսվում է շինանյութերի բեռնափոխադրում, որը Մակարյանի կարծիքով, Ռուսաստանի հետ հակամարտության հետեւանքները վերացնելու համար մեծ պահանջարկ կարող է ունենալ:

Այս համաժողովի կազմակերպիչը Հայաստանի արտադրողների եւ ձեռնարկատերերի միությունն ու «Վարպետ» միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնն է, որոնք 2010 թ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում կազմակերպելու են Bridge Artsakh տնտեսական համաժողովը: