17 մարտի 2010 - 19:11 AMT
Ճապոնիան կմասնակցի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմանը

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը մարտի 17-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Տանակո Ֆուսատոյի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Հրանտ Բեգլարյանը ներկայացրեց Ասիական զարգացման եւ Համաշխարհային բանկերի վարկային ծրագրերով արդեն իրականացված եւ շարունակվող ճանապարհաշինական մի շարք ծրագրեր: Փոխնախարարը, մասնավորապես, խոսեց Կենսական նշանակության գյուղական ճանապարհների վերանորոգման եւ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրերի աշխատանքների մասին, եւ նշեց, որ Հայաստանի կառավարության համար ճանապարհաշինական այդ երկու ծրագրերն էլ ունեն առաջնային նշանակություն:

JICA-ի պատվիրակության ղեկավար Տանակո Ֆուսատոն նշեց, որ իրենց գործակալությունը երկար տարիներ համագործակցել է Ասիական զարգացման բանկի հետ եւ իրականացրել են մի շարք տարածքային զարգացման նշանակության նմանատիպ ծրագրեր: «Եվ, քանի որ համանման ծրագրեր մենք արդեն իրականացրել ենք Ղազախստանում եւ Վրաստանում, ապա նպատակահարմար ենք համարում մասնակցել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին»,- ասել է պատվիրակության ղեկավարը:

Հանդիպման ավարտին կողմերը որոշեցին միմյանց տրամադրել համապատասխան նյութեր եւ տեղեկատվություն երկու ծրագրերի վերաբերյալ: