17 մարտի 2010 - 20:49 AMT
Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար Անկարայից ներողություն խնդրելը թանկ արժեցավ Շվեդիայի վարչապետի համար

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի դեմ դատական գործ է հարուցել այն բանի համար, որ նա արտահայտվել է օրերս Հայոց ցեղասպանության մասին Ռիկսդագի ընդունած բանաձեւի դեմ: Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսային զրույցի ընթացքում նշել է, որ իրեն վշտացրել է, որ խորհրդարանը ընդունել է այդ բանաձեւը: Նա վստահեցրել է թուրք վարչապետին, որ բանաձեւը Շվեդիայի կառավարությանը չի պարտավորեցնում եւ օրենքի ուժ չունի:

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Էրիկ Օստբերգն, իր հերթին, քննադատել է Շվեդիայի վարչապետի հայտարարությունը: «Էրդողանից ներողություն խնդրելն արդեն իսկ հակասում է Շվեդիայի օրենքին եւ ընդունած բանաձեւին: Երկրի վարչապետի նմանօրինակ վարքը վկայում է, որ կառավարությունը գործում է ժողովրդի որոշումների դեմ: Հենց այդ պատճառով մենք դատական հայց ենք ներկայացրել Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի դեմ», - ասել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայերի, ասորիների եւ պոնտացի հույների դեմ իրագործված ցեղասպանությունը: