31 մարտի 2010 - 16:28 AMT
Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու

Եթե որեւէ մեկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջընթաց է սպասում, ապա իզուր, սպասումներն անհիմն են: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀՇ վարչության անդամ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների վավերացումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը հազիվ թե որեւէ համաձայնությամբ ավարտվի: Ավելի շուտ, կարող է Մայնդորֆի փաստաթղթի նման մի հռչակագիր ստորագրվի, որն իրենից ոչինչ չի ներկայացնի: ԱՄՆ-ն, իհարկե, կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, սակայն Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է եւ Վաշինգտոնում հարաբերությունները չի սրի իր ազգային շահերից ելնելով: ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ոչ իր շահերի հաշվին», - ընդգծել է Արզումանյանը: