31 մարտի 2010 - 16:45 AMT
Անհերքելի փաստերը վկայում են, որ Սումգայիթում հայերի ցեղասպանության կազմակերպիչը Հեյդար Ալիեւն էր

Ավարտին են մոտենում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ. փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքերով, հաջողվել է ի հայտ բերել լուսանկարչական նյութեր եւ տեսագրություններ, որոնք լույս են սփռում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների` նախկինում անհայտ մնացած մանրամասների վրա:

«Մեր տրամադրության տակ կային ԽՍՀՄ Գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումները, նախաքննության եւ դատաքննության նյութեր, լուսանկարներ, որոնք կատարվել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխվել էին տանջամահ արված հայերի դիակները,-ասում է Մարինա Գրիգորյանը:-Այդ կադրերը ոչ միայն ցնցող են կատարված հանցագործությունների աննախադեպ դաժանության առումով, այլեւ ապացուցում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական տվյալներից: Եվ ամենագլխավորը` մենք գտանք անհերքելի ապացույցներ այն մասին, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել, կազմակերպվել եւ ուղղորդվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից` Հեյդար Ալիեւի գլխավորությամբ:

Նախագծի ղեկավարը հավելեց, որ ֆիլմում ներկայացված են նաեւ փաստեր, որոնք այս տարիների ընթացքում բծախնդրությամբ թաքցվել են, քանի որ ականատեսները ստորագրել էին գաղտնիքի չհրապարակման մասին փաստաթուղթ: Միեւնույն ժամանակ ֆիլմը հիշեցնում է հայերի պարտադրված ինքնապաշտպանական գործողությունների մասին, որոնք ըստ էության ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի պատմական հաղթանակի «սկզբնաղբյուրը» դարձան:

«Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ապրիլի առաջին կեսերին, երբ հիշատակվելու է Ղարաբաղի Մարաղա գյուղում տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը, ողբերգություն, որը Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպան գործողությունների հերթական օղակներից մեկն էր:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Շարքի առաջին` «Բաքու, հունվար, 1990» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Բաքվի ջարդերի 20-ամյակի օրերին: