31 մարտի 2010 - 17:59 AMT
Վաշինգտոնում կարող է կայանալ Սարգսյան-Էրդողան-Օբամա եռակողմ հանդիպումը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ` Բարաք Օբամայի նախաձեռնությամբ կազմակերպվող միջուկային համաժողովին մասնակցելու նպատակով: ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ ինքը չի մեկնելու ԱՄՆ, իսկ իր փոխարեն միջուկային համաժողովին կմեկնի այլ թուրք պաշտոնյա:

Թուրքական «Sky Turk»-ի փոխանցմամբ` Էրդողանը փոխել է որոշումը: Էրդողանը Վաշինգտոն կմեկնի համաժողովից մեկ օր առաջ եւ իր հետ կտանի նաեւ Վաշինգտոնից ետ կանչած դեսպան Նամիկ Թանին: Թուրքական «Internethaber»-ը իր հերթին տեղեկացնում է, որ Էրդողան-Օբամա հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ Օբամայի ապրիլի 24-ի ելույթից առաջ տեղի ունենալիք հանդիպմանը կքննարկվի նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հարցը:

Ընդ որում կանխատեսվում է Սարգսյան-Էրդողան-Օբամա հանդիպում, որի արդյունքում ամենայն հավանականությամբ ԱՄՆ նախագահը կստանա եւս մեկ հնարավորություն ասելու, թե ՀՀ-Թուրքիայի հարաբերություններն առաջ են ընթանում, ուստի Ցեղասպանություն բառն ասել դեռ պետք չէ: