1 ապրիլի 2010 - 12:35 AMT
Կանադայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

Կանադայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես ասվում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) կողմից Pan.ARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ, ապրիլի 14-ին Օտտավայում երկրի խորհրդարանի շենքում տեղի է ունենալու պատգամավորների եւ սենատորների ընդունելություն, իսկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում բացվելու է «Հայոց ցեղասպանության ժխտումը» ցուցահանդեսը:

Ապրիլի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) «Ալեք Մանուկյան» կենտրոնում տեղի է ունենալու այն հեղինակների գրքերի ցուցահանդես-վաճառքը, որոնք դարձել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերը: Ապրիլի 18-ին Մոնրեալում նախատեսված է «Ապրիլի 11-ի հուշարձանը» գրքի շնորհանդեսը, իսկ ապրիլի 21-ին քաղաքի Հոլոքոսթի թանգարանում կայանալու է գերմանացի բանաստեղծ, գրող Արմինե Վեգների լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որոնք արվել են Հայոց ցեղասպանության ժամանակ:

Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին ցույց են կազմակերպելու Կանադայի խորհրդարանի շենքի առաջ, իսկ հետո բողոքի ակցիա են անցկացնելու Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առաջ: Բացի դրանից, ապրիլի 24-ին Կանադայի եկեղեցիներում պատարագ կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: