1 ապրիլի 2010 - 18:02 AMT
Հայ-թուրքական գործընթացը չի կարելի դիտել վարդագույն լույսի ներքո

Հայ-թուրքական գործընթացում իրավիճակը վերջին ամիսներին էականորեն բարդացել է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին: Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրավիճակը հատկապես բարդացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը:

Ընդ որում, անդրադառնալով Վաշինգտոնում Սարգսյան-Օբամա-Էրդողան եռակողմ հնարավոր հանդիպմանը, Ստանեւսկին ասել է, որ մեկ հանդիպումով այսպիսի հարցերը չեն լուծվում: «Միգուցե այս հանդիպումից հետո հայ-թուրքական գործընթացն առաջընթաց ունենա, գուցեեւ` ոչ: Համենայնդեպս, ԱՄՆ-ն նախանձախնդիր է, որպեսզի առաջընթաց լինի, նույնիսկ եթե առաջընթաց էլ չլինի, միեւնույն է` նա ցույց է տալու, իբր այդ առաջընթացը կա», - ասել է Ստանեւսկին` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը չի կարելի դիտել վարդագույն լույսի ներքո: Նրա խոսքերի համաձայն, նախատեսվող հանդիպումը նույնպես առնչվում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:

Նա նկատել է նաեւ, որ այն երկրները, որոնք շահագրգռված են այս գործընթացով, բոլոր ուժերը ներդնելու են, որպեսզի լարվածությունը թուլացնեն:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիայում ապօրինի ապրող 100 հազ. հայերի հնարավոր վտարմանը, Ստանեւսկին ասել է, որ այդ հայտարարությունը կրքերի բռնկում էր, ինչը վերջին ժամանակներում հաճախ է նկատվում Էրդողանի մոտ: