1 ապրիլի 2010 - 11:36 AMT
Հայաստանի վարչապետը հետեւողական է նախարարների խախտումների հայտնաբերման եւ պատժման հարցում

Ապրիլի 1-ին Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումների հիման վրա բոլոր նախարարներին հանձնարարեց ներկայացնել բացահայտված խախտումների վերացման միջոցառումների հստակ ժամանակացույց:

Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ առաջին փուլում հանրապետության նախագահը խիստ զգուշացում արեց խախտում եւ թերություն թույլ տված բոլոր գերատեսչությունների ղեկավարներին: «Այսուհետեւ սկսվում է երկրորդ փուլը, երբ դրան հաջորդելու են խիստ պատիժները»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանը հաղորդեց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իրեն ներկայացրել է տեղեկանք, որ միայն 2009-ի համար արդեն կա շուրջ մեկուկես միլիարդ դրամ փաստացի վերականգնված գումար: «Այս ցուցանիշը մեզ չի բավարարում այն պարզ պատճառով, որ բացահայտված խախտումների ցուցանիշը ավելի բարձր էր»,- նշեց նա:

Այդ կապակցությամբ վարչապետը բոլոր նախարարներից պահանջեց ներկայացնել բացահայտված խախտումների վերացման միջոցառումների հստակ ժամանակացույց, եւ թե որ փուլում են գտնվում այդ աշխատանքները, որպեսզի բոլոր մնացած գումարները նույնպես վերականգնվեն մեկ շաբաթվա ընթացքում: