Կարեն Բեքարյան. Հայաստանը պետք է կոշտ պատասխան տար Էրդողանի հայտարարությանը

Կարեն Բեքարյան. Հայաստանը պետք է կոշտ պատասխան տար Էրդողանի հայտարարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները պետք է կոշտ գնահատական տային Թուրքիայի վարչապետի այն արտահայտությանը, թե Թուրքիայից կարող են վտարվել շուրջ 100 հազար ապօրինի ներգաղթյալ հայեր: Այդ մաիսն Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, հայկական իշխանությունները կարող էին հայտարարել, որ այդպիսով սկիզբ է դրվում Արձանագրությունների տակ Հայաստանի ստորագրության ետ կանչման գործընթացին: Ընդ որում, նա նշել է, որ ճիշտ կլիներ նաեւ, եթե Հայաստանի ԱԳՆ-ն կոչ աներ իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելություններից, քանի որ հայկական իշխանությունները չեն կարող պաշտպանել սեփական քաղաքացիներին այդ երկրում:

«Ես ռասիստական եմ համարում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները»,-ասել է Բեքարյանը: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` Բեքարյանն ասել է, որ այս գործընթացի ելքը մեծապես կախված է Սարգսյան-Օբամա-Էրդողան հնարավոր հանդիպումից: «Արձանագրությունների վավերացման շանսերը շատ քիչ են, թեեւ հավասար չեն զրոյի»,-ասել է Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, Հայաստանի համար Արձանագրություններից հրաժարվելու ամենահարմար պահը Էրդողանի հայտարարությունն էր:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Բեքարյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գնալով գիտակցում են, որ առանց Ղարաբաղի հակամարտության լուծումն արդյունավետ չի լինի:

«Առանց Ղարաբաղի մասնակցության հարցը չի կարող լուծվել: Եթե ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, նշանակում է, նրա ստորագրությունը չի դրվում համաձայնագրի տակ, հետեւաբար, նա չի պարտավորվում որեւէ որոշում կատարել, եւ նրան դա չեն կարող ստիպել, ինչպիսին էլ լինի այդ որոշումը»,-ասել է Բեքարյանը:

Մեկնաբանելով պատերազմի վերսկսման հնարավորությունը` Կարեն Բեքարյանն ասել է, որ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը երբեք չի կարելի բացառել: «Չնայած նրան, որ պատերազմի վերսկսման հնարավորությունը բավականին փոքր է, դրան միշտ պետք է պատրաստ լինել»,-ասել է Բեքարյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---