2 ապրիլի 2010 - 15:44 AMT
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը միայն կավելացնի Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը

Վաշինգտոնում հավանաբար տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն հերթական անգամ պատրվակ կծառայի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար, որպեսզի նա չօգտագործի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հասցեագրված իր ուղերձում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար եւ ՀՅԴ քաղաքական գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Էրդողանը հիանալի հասկանում է, որ եթե նա հրաժարվի այցելել Վաշինգտոն, դա միայն կբարձրացնի ամերիկյան ճնշումը եւ հենց այդ պատճառով նա համաձայնվել է մասնակցել միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

«Թուրքիան ճնշում կգործադրի ամերիկյան վարչակազմի վրա, որպեսզի նա արգելակի Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի առաջխաղացումը Կոնգրեսում եւ թույլ չտա, որ Բարաք Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Կիրո Մանոյանը: Նա հավելել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Հայ-թուրքական արձանագրությունների հարցում չի փոխվել եւ ԱՄՆ-ն նախկինի պես ցանկանում է իրականացնել այդ նախագիծը: «ԱՄՆ-ն հասկանում է, որ Արձանագրությունների վավերացմամբ իրենք կազատվեն պատասխանատվությունից, որը կրում են ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման»,-ասել է Մանոյանը: Նա ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը տարբեր երկրների խորհրդարանների կողմից ապրիլի 24-ի շեմին, մեծ չէ:

Ըստ «Հայ դատի» գրասենյակի ղեկավարի, առաջիկա ամիսներին հարկավոր չէ առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում: Մեկնաբանելով հաճախակի դարձած հայտարարությունները Ղարաբաղում պատերազմի վերսկսման մասին` Կիրո Մանոյանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել երկու դեպքում` եթե Ադրբեջանը վստահ լինի իր հաղթանակում, եւ եթե հայ-թուրքական գործընթացում անտեսվեն Բաքվի շահերը: «Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը միայն կավելացնի Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը»,-ասել է Կիրո Մանոյանը: