2 ապրիլի 2010 - 17:27 AMT
Հայաստանի հայտնի երաժիշտները բարեգործական համերգ կտան ի նպաստ հիվանդ երեխաների

2010 թ-ի պրիլի 3-ին «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղով եւ ծանր հիվանդություններով երեխաների օգնության բարեգործական հիմնադրամը անցկացնում է բարեգործական ակցիա ուղղված արյան քաղցկեղով եւ այլ օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների խնդիրներին։

Ակցիայի շրջանակներում «ԱրմենՏել» եւ ՎիվաՍել ընկերությունների բջջային կապի բաժանորդներին հնարավորություն է ընձեռնվում 4005 կարճ համարին ուղարկելով «life» բառը հանգանակել 1200 դրամ (ներառյալ ԱԱՀ) քաղցկեղով հիվանդ երեխաների համար։

Ապրիլի 3 ին, ժամը 14:35-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Նվիրիր կյանք» բարեգործական ջազային համերգը, նվիրված մանկական օնկոլոգիաըի խնդիրներին։ Համերգին մասնակցում են՝ Ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի հիմնադիր Չուլպան Խամատովան, մաեստրո Լեւոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ «Armenian Navy Band»-ը, Ալեքսանդր Զաքարյանը, Վահան Արծրունին եւ այլ հայտնի աստղեր։

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2009 թվականի սեպտեմբերին։ Հիմնադրամի նպատակն է ապահովել երեխաներին դեղորայքով, դոնորական արյամբ եւ բուժման համար անհրաժեշտ այլ միջոցներով, որոնք չեն կարողանում ձեռք բերել ծնողները: Մանկական քաղցկեղի բուժումը շատ թանկ է։ Կախված ոսկրածուծի պատվաստման անհրաժեշտությունից՝ բուժումը կարող է արժենալ 15-ից 150 հազար ԱՄՆ դոլար, երբեմն՝ ավելի թանկ: