ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Էրդողանի եւ Պետդեպարտամենտի քննդատությամբ

ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Էրդողանի եւ Պետդեպարտամենտի քննդատությամբ

PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Ջիմ Կոստան եւ Ադամ Շիֆը հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ անօրինական հայ ներգաղթյալների արտաքսման մասին: “Հայտարարությունը նախատեսված է Հայաստանին վախեցնելու համար և հենց այդպես Անկարան պատասխանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը”,- ասվում է կոնգրեսականների ուղեձում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ադամ Շիֆի խոսքերով, Անկարան օգտագործում է հայերին որպես “կենդանի թիրախ”: Իր հերթին ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստան ընդգծեց, որ Թուրքիայի սպառնալիքներն անպատասխանատու քայլ են` հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են Հայոց ցեղասպանությունից:

“Կոնգրեսականներ Կոստան և Շիֆը հանդես են եկել ուժեղ և սկզբունքային մեկնաբանություններով, որոնք դատապարտում են Էրդողանի սպառնալիքները հայերի արտաքսման մասին: Նրանց դիրքորոշումները սուր հակասության մեջ են Պետդեպարտամենտի դիրքորոշման հետ, որն աշխատում է ամեն ինչ հանգեցնել ներգաղթի պարզ հարցին: Էրդողանի հայտարարությունները պարզ են, ինչպես նաև նրա ակնհայտ մտադրությունն` օգտագործել 1915-ի ուրվականը վախեցնելու համար հայ ժողովրդին”,- հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկացած պահին կարող է վտարել հայ անօրինական ներգաղթյալներին, որոնք բնակվում են Թուրքիայում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---