6 ապրիլի 2010 - 18:03 AMT
“Հովեր” կամերային երգչախումբը 4 համերգով կմասնակցի Մոսկովյան զատկական 9-րդ փառատոնին

“Հովեր” կամերային երգչախումբը չորս համերգով մասնակցելու է Մոսկվայի զատկական 9-րդ փառատոնին:

“Մեր երկարամյա համագործակցությունը “21-րդի հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի հետ շատ արդյունավետ էր: Այդ փառատոնում մեր մասնակցությունը նույնպես այդ համագործակցության արդյունք է: Զատկական փառատոնի կազմակերպիչները հարցապնդում են արել և “21-րդի հեռանկարների” կազմակերպիչները երաշխավորել են մեր մասնակցությունը”’ – հայտնել է “Հովեր” երգչախմբի նվագավար և գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը` PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:

Նրա խոսքերի համաձայն, փառատոնի շրջանակներում “Հովերը” հանդես է գալու մայիսի 3-ին Սուզդալի Բոլոր սրբերի տաճարում, իսկ մայիսի 4-ին, 5-ին և 7-ին երեք ելույթով հանդես է գալու Մոսկվայում:

“Մեր համերգային ծրագիրը ներառում է հայկական հոգևոր և դասական երաժշտություն: Ծրագրում ներառված են նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները: Սուզդալում մենք հանդես ենք գալու 60 րոպե տևողությամբ համերգային ծրագրով, մոսկովյան երկու համերգների տևողությունը 25 րոպե է լինելու: Վերջին ելույթը ընդգրկված է գալա համերգի ծրագրում և տևելու է 10 րոպե”’ – ասել է Սոնա Հովհաննիսյանը:

Անցյալ տարի Մոսկվայի զատկական փառատոնին Հայաստանը մեծ հաջողությամբ ներկայացրել է Երևանի պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և նվագավար Հարություն Թոփիկյան):

“Հովեր” կամերային երգչախումբը ստեղծվել է 1992 թ.: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է:

Մոսկվայի 9-րդ զատկական փառատոնը բացվել է ապրիլի 4-ին և շարունակվելու է մինչև մայիսի 9: Այս տարի փառատոնը նվիրված է Մեծ հաղթանակի 65-ամյակին: Փառատոնի շրջանակներում կանցկացվի հարյուրից ավելի համերգ, որին կմասնակցի 12 երկրից հազարից ավելի կատարող: