ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում

ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Միության պատվիրակությանը, որը գլխավորում էր ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը, մասնավորապես նշել է. "Կարևոր առաքելությամբ եք ժամանել Հայաստան: Մենք բավական մանրակրկիտ քննարկել ենք Եվրամիության հետ մեր համագործակցության բոլոր ծրագրերը: Գոհ ենք այս ծրագրերի հաջող ընթացքից, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ անելիքները շատ են, և ավելին կարող էինք անել: Արևելյան գործընկերության այն հիմնական ուղղությունները, որոնք նշված են փաստաթղթում, բխում են մեր երկրի շահերից և առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի զարգացումների համար":

Շտեֆան Ֆյուլեն, շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին, նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև պայմանագրային նոր հարաբերությունների ձևավորումը հնարավորություն կտա վերանայելու և գնահատելու մինչ օրս իրականացված ծրագրերը և քննարկելու Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացման ապագա հնարավոր ուղիները:

Զրուցակիցները քննարկել են "Արևելյան գործընկերություն" ծրագրի շրջանակներում գործող 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել այն` նշելով, որ նախաձեռնությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը: Վարչապետն առաջնահերթություն է տվել ժողովրդավարական կառույցների և արդյունավետ կառավարման համակարգի կայացմանը: Դա կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և խոշոր բիզնեսի ավելի թափանցիկ գործելաոճին: Որպես գերակա ուղղություն` Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև խորացված և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը, ինչը ենթադրում է բարեփոխումների իրականացում առաջիկա երեք տարում: Երրորդ գերակա ուղղությունը սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու կայուն զարգացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---