8 ապրիլի 2010 - 13:28 AMT
Փիրուզ Սարգսյան. Մեկ տարվա գործունեության արդյունքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտը հաստատեց իր դիրքերը

"Գործունեության առաջին տարվա արդյունքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտը հաստատեց իր դիրքերը, և մեր հետագա քայլերը ուղղված կլինեն դրա զարգացմանը",- Երևանում "Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը` ուղղված հասարակության վստահության ամրապնդմանն ու ֆինանսական միջնորդության ավելացմանը" թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտնեց գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները խորհրդաժողովում հնարավորություն կունենան ֆինանսական հաշտարարների առաջատար համաշխարհային ինստիտուտների հետ համեմատել երիտասարդ հայկական ինստիտուտը:

Սարգսյանը հաղորդեց նաև, որ իրենց կողմից նախաձեռնվող բոլոր հետագա միջոցառումները կուղղվեն սպառողների տեղեկացվածության բարձրացմանը, որպեսզի նրանք իմանան իրենց ֆինանսական իրավունքներն ու ֆինանսական հաշտարարի ինստիտուտի առկայության մասին, որը միշտ կարող է պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:

"Մոտ ժամանակներս մենք ծրագրում ենք շարունակել մարզերի այցելությունները: 2009 թվականին մենք այցելեցինք երկրի չորս հյուսիսային մարզերը, իսկ ընթացիկ տարում նախատեսում ենք այցելել հարավային մարզերը, որտեղ լայնամասշտաբ սեմինարներ ու հանդիպումներ կանցկացնենք ինչպես ֆինանսական կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ սպառողների հետ",- ավելացրեց օմբուդսմենը:

Ամփոփելով ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության առաջին տարվա արդյունքները` Փիրուզ Սարգսյանը ճշտեց, որ հիմնական բողոքներն ուղղված էին բանկային համակարգին և կապված էին դրանց վարկային, դեպոզիտային ու հաշվարկադրամարկղային գործունեության հետ, երկրորդ տեղում բողոքներն էին ուղղված ապահովագրական կազմակերպություններին` կապված ունեցվածքի և կյանքի ապահովագրման հետ, երրորդ տեղում վարկային կազմակերպություններին ու գրավատներին ուղղված բողոքներն էին:

"Անցյալ տարվա արդյունքներով 400 բողոք է ընդունվել, որոնցից դիտարկվել են 57-ը և 61% լուծվել են հօգուտ սպառողների, որոնց գումարը կազմել է 26 մլն դրամ",- ասաց Սարգսյանը: