8 ապրիլի 2010 - 15:22 AMT
Արտակ Զաքարյան. “Հայաստանի իշխող կոալիցիան գործում է բավականին արդյունավետ”

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, որ շոշափում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ասպեկտները, ոչնչով հիմնավորված չեն: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Զաքարյանի խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունն այնքան թափանցիկ ու պարզ է, որ որևէ ձեռնածություն տեղին չէ: Հայաստանի արտաքին քաղաքականության մասին պատգամավորն ասել է, որ ՀՀ ղեկավարությանը հաջողվել է հասնել այն բանին, որ հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներն ընթանում են առանձին-առանձին: “Այս կարծիքն են հայտնում նաեւ միջազգային միությունները”, - ասել է նա:

Ինչ վերաբերում է ՀՀ ներքին քաղաքականությանը, ՀՀԿ խմբակցության անդամն ասել է, որ ներկայում երկրի քաղաքական իրավիճակը կայուն է: “ Իշխող կոալիցիան երկրի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բավականին արդյունավետ է գործում և ընթանում է գոյություն ունեցող հիմնախնդիրները լուծելու ուղիով”, - ընդգծել է Արտակ Զաքարյանը:

Ինչ վերաբերում է ղեկավարության ներսում գոյություն ունեցող խորը տարաձայնությունների մասին ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը, պատգամավորն ասել է, որ այն ընդամենը Լևոն Տեր-Պետրոսյանի երևակայության արդյունք է: