8 ապրիլի 2010 - 15:53 AMT
Հայաստանը գիտի Ադրբեջանի թույլ կողմերը

Տարածքային խնդիրներն երկրների միջև հազվադեպ են խաղաղ ճանապարհով լուծվում”: Այդ մասին Երեւանում հայտարարել է Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքերով, Հայաստանի և բուն Ղարաբաղի անվտանգությունն ապահովում են ՀԱՊԿ հավաքական ուժերը, ելնելով դրանից զինված հարձակումը Հայաստանի վրա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից քիչ հավանական է: Սակայն Արկադի Տեր-Թադևոսյանը չի բացառել Ադրբեջանի կողմից սադրանքի հավանականությունը ԼՂՀ ազատագրված տարածքների շրջանում: “Պետք է օբյեկտիվ գնահատել իրական իրավիճակը: Մենք պետք է իրատես լինենք: Իսկ իրականությունը հետևյալն է`պատերազմի հավանականությունը մեծ է և հենց այդ պատճատով են այժմ միջնորդներն ու կողմերը շեշտը դնում ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրման վրա”,-նշել է ռազմական մասնագետը: Ըստ նրա, այսօր իրավիճակը բանակցային գործընթացում փակուղային է և չնայած ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններին առաջընթացի մասին, առաջընթաց խնդրի կարգավորման հարցում չկա:

Ինչպես ընդգծել է գեներալ-մայորը, եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, այն չի ընթանա նույն մեթոդներով ու տեխնիկայով, ինչ նախկինում: Ըստ նրա, դա պատերազմ կլինի նոր սերնդի տեխնիկայի կիրառմամբ: Ա.Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ Հայաստանը գիտի Ադրբեջանի թույլ կողմերը և անհրաժեշտության դեպքում, կարող է հարված հասցնել նրա ռազմավարական օբյեկտներին` նավթամուղին, էլեկտրակայաններին, հիդրոէլեկտրակայաններին: