8 ապրիլի 2010 - 17:27 AMT
Երևանում կայացավ "Ինչպես Արտահանել Շվեդիա" սեմինարը

Ապրիլի 8-ին Զարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) կայացավ "Ինչպես արտահանել Շվեդիա" սեմինարը, որը կազմակերպել էր ԶՀԳ-ն Շվեդիայի կառավարական գործակալության Open Trade Gate-ի հետ համատեղ, հաղորդում է Գործակալության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շվեդ փորձագետները շվեդական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեցին սեմինարի մասնակիցներին` ԵՄ արտահանելու կանոնների, պահանջների, խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև հիմնական առևտրային պայմանագրերի և ընդհանոր առևտրային ընթացակարգերի վերաբերյալ:

Սեմինարին մասնակցում էին Հայաստանում պանրագործների, ֆերմերների, գինեգործների, արտահանողների, մեղրագործների միության նախագահները ինչպես նաև արդյունաբերական տարբեր ոլորտներից ներկայացուցիչներ:

Սեմինարի ժամանակ ելույթներով հանդես եկան Շվեդիայի առևտրի և ներդրումային խթանման դեսպան Լարս Օու Պերսոնը և Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Open Trade Gate-ը շվեդական կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է օժանդակել արտահանումը Շվեդիա և ԵՄ երկրներ: Այն գործում է մեկ կանգառի տեղեկատվության կենտրոնի սկզբունքով` Շվեդիա և ԵՄ երկրներ արտահանողներին կանոնների և պահանջների վերաբերյալ անվճար տեղեկատվություն տրամադրելով: